Լրահոս
Միջազգային
17:13
16.06.26
178

Իրանը դիմակայել է լուրջ հարվածների, ինչի շնորհիվ Թեհրանին հաջողվել է ԱՄՆ-ին ծնկի բերել․ Ynet

Img default alt hy

Իրանը դիմակայել է լուրջ հարվածների, որից հետո, օգտագործելով մնացած ուժերը, Թեհրանին հաջողվել է ծնկի բերել Վաշինգտոնին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս կարծիքը հրապարակել է Ynet պորտալը։

«Իրանը դիմակայել է լուրջ հարվածների, և մնացած ուժերը օգտագործելով՝ նրան հաջողվել է ԱՄՆ-ին ծնկի բերել»,- գրում է պորտալը։ «Խնդիրը ԱՄՆ-ում է։ Նրանք ցույց տվեցին իրենց ողջ թուլությունը. խոսքը խոսք չէ, իշխանությունը՝ իշխանություն չէ, պաշարումը՝ պաշարում չէ»,- շարունակում է Ynet-ը։ «Ենթադրվում էր, որ դրանք լինելու են ԱՄՆ-ի՝ որպես համաշխարհային տերության լավագույն օրերը», սակայն «Իրանի հետ առճակատման գործողությունների բարձրագոչ անվանումները՝ [ամերիկյան] «Էպիկական զայրույթ»-ը և [իսրայելական] «Առյուծի մռնչյուն»-ը, փշուր-փշուր եղան»,- նշում է պորտալը։

Վերջինիս տվյալներով՝ Իսրայելում «վաղուց նման միասնություն և կոնսենսուս չի եղել աջ և ձախ քաղաքական ուժերի միջև» առ այն, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, որը պետք է ստորագրվի հունիսի 19-ին, «ռազմավարական պարտություն» է իսրայելական կողմի համար և «ձախողում»՝ ԱՄՆ-ի և տարածաշրջանի չափավոր սուննիական պետությունների համար։ «Թրամփը վճռական է համաձայնության հասնելու հարցում։ Կասկածելի է, որ երբևէ տերության որևէ ղեկավար ցուցադրի այնպիսի եռանդ, որը թուլության դրսևորում է»,- կարծում է Ynet-ը՝ հայտարարելով, որ նույնիսկ «ուժի ցուցադրումը մնացել է միայն Թրամփի կողմից արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութերում, որոնցում նա իրեն ներկայացնում է որպես համաշխարհային գերմարդ»։ «Դժվար է հավատալ, բայց հենց այդպես էլ կա. երբեք այդքան հզոր տերությունը նման սարսափելի թուլություն չի ցուցաբերել մի երկրի նկատմամբ, որը, ինչպես կարծում էին, կրել էր ջախջախիչ պարտություն»,- եզրափակում է Ynet-ը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնյաները հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում։