Լրահոս
Արցախ
14:55
11.03.19
463

Փաշինյանն Արցախում է. այնտեղ ՀՀ ԱԽ նիստ կանցկացվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Մարտի 12-ին ՀՀ և Արցախի ղեկավարների մասնակցությամբ նախատեսվում է Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից փոխանցում են, որ  նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

5 TV-ի Արցախի թղթակցի փոխանցմամբ, Արցախում են նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վարչապետ Փաշինյանի այցն ուշագրավ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության ֆոնին: Հիշեցնենք, Փաշինյան-Ալիեւ սպասվող առաջին պաշտոնական հանդիպումից առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ին ծավալուն հայտարարությամբ հանդես եկան, որտեղ խոսվում էր բանակցային ձևաչափի, կարգավորման սկզբունքների ու տարրերի մասին:

Համանախագահները վերահաստատել էին լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը եւ շեշտել. «Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները: 

Հղում անելով Մինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա:

Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն »: