Լրահոս
Միջազգային
19:15
16.06.26
99

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բյուրգենշտոկում․ Շվեյցարիայի ԱԳՆ

Img default alt hy

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը՝ նախկինում հայտարարված պայմանավորվածությունների ստորագրման համար, տեղի կունենա Բյուրգենշտոկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ԱԳՆ-ն սերտ կապի մեջ է եղել ԱՄՆ-ի, Իրանի, Պակիստանի և Կատարի հետ՝ կապված Շվեյցարիայի տարածքում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի հնարավոր ստորագրման հետ։ Ներկայումս այս փաստաթղթի ստորագրումը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, Նիդվալդեն կանտոնի Բյուրգենշտոկում»,- ասել է նա՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման։

Էլչինգերը նշել է, որ հանդիպման վայրը «առաջարկվել է միջնորդների՝ Պակիստանի և Կատարի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի կողմից»։ «Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ այս բանակցություններում և դիվանագիտական պայմաններ է ստեղծում, որպեսզի այդ հանդիպումը կարողանա կայանալ Շվեյցարիայի տարածքում»,- հավելել է նա։

Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր Schweiz heute լրատվական պորտալը՝ հղում անելով չնշված աղբյուրների։ Նրանց տեղեկություններով՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են լիարժեք թափով։ Հստակեցվում է, որ հանգստավայրի բոլոր հյուրանոցները պատվիրված են մինչև կիրակի։