Լրահոս
Իրավական
16:48
02.06.26
81

Ինքնաձիգեր, նռնակներ և հարյուրավոր փամփուշտներ․ զենքի կամավոր հանձնման նոր դեպքեր

Img default alt hy

ՆԳՆ Ոստիկանության ծառայողների կողմից հետևողականորեն շարունակվում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները։ Միաժամանակ բացատրական աշխատանքներ են տարվում ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ, ինչը քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
 
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ուրցաձոր գյուղի մատուռի մոտ։
 
Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, որսորդական 3 հրացան, «ՌԳԴ» և «Ֆ-1» տեսակի 4 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 250 փամփուշտ, 2 փամփշտատուփ, որոնցից մեկը 30 փամփուշտով լիցքավորված։
 
Արդյունավետ էին նաև Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքները։ Ոստիկանություն զանգած քաղաքացին ապօրինի պահվող զենք-զինամթերքը թողել էր Ավշար գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին։
 
Օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, որսորդական երկփողանի և մեկփողանի 3 հրացան, «Ֆ-1» և «ՌԳԴ» տեսակի 2 նռնակ, տարբեր տեսակի ու տրամաչափի 173 փամփուշտ։