Լրահոս
Միջազգային
23:45
02.06.26
116

Թրամփը հաստատել է իր մասնակցությունը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելությանը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ելույթ կունենա Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի ընդունելությանը, որը տեղափոխվել է հուլիսի 24-ին։

Թրամփը Truth Social-ում ողջունել է ընդունելության նոր ամսաթվի մասին հայտարարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 25-ին՝ հրաձգության միջադեպի պատճառով։ «Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի նախագահ Ցզյան Վեյցզյան խնդրել է ինձ ներկա լինել և ելույթ ունենալ այնտեղ, և ես համաձայնել եմ։ Չգիտեմ՝ կհնչեցնե՞մ արդյոք նույն, բավականին տհաճ հայտարարությունները, հատկապես որոշ մարդկանց հասցեին, բայց շուտով մենք այդ մասին կիմանանք»,- գրել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփի խոսքով՝ ընդունելությունը տեղի կունենա ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «The Waldorf Astoria» հյուրանոցում, որը նախկինում պատկանում էր իր ընկերությանը։

Ավելի վաղ ասոցիացիայի նախագահը հայտարարել էր, որ ընդունելությունը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ չպարզաբանելով, թե արդյոք ակնկալո՞ւմ է, որ դրան կմասնակցեն երկրի նախագահը և ամերիկյան վարչակազմի այլ ներկայացուցիչներ։

Հրաձգության միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին ԱՄՆ մայրաքաղաքի «Washington Hilton» հյուրանոցում՝ ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ, որին ներկա էր ամերիկյան վարչակազմի ողջ ղեկավարությունը, այդ թվում՝ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Արդյունքում տուժել է ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը՝ թիկնապահը։ Կրակողը ձերբակալվել է, նա 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենն է։ Ինչպես հետո պարզվել է, նա նախապես համար էր վարձել «Washington Hilton» հյուրանոցում և կարողացել էր այնտեղ զենք տանել։

Ալենին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահի կյանքի դեմ մահափորձի, ծանր հանցագործություն կատարելու նպատակով հրազենի և զինամթերքի փոխադրման, ինչպես նաև հանցագործություն կատարելիս հրազենի կիրառման համար։ Ինչպես նշել է ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար-գլխավոր դատախազ Թոդ Բլանշը, տղամարդուն կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։ Ալենը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։