Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:19
02.06.26
464

Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է թուրքական կողմի վարչակազմը։

«Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահին (Էրդողանին – խմբ.) անցած Կուրբան բայրամի կապակցությամբ. միաժամանակ շոշափվել են Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Էրդողանի գրասենյակի՝ նախագահը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակվում է ուղղակի առևտրի հաստատմանն ուղղված քայլերի շնորհիվ։

«Նախագահ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար, և որ մենք միշտ աջակցելու ենք այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից։ 2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում Ռուբինյանի և Քըլըչի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կարճ ժամկետներում հնարավորություն ընձեռել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հատելու հայ-թուրքական ցամաքային սահմանը։ Այնուամենայնիվ, այս պայմանավորվածությունը դեռևս իրականացված չէ։