Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:24
31.05.26
1 755

«Ինչո՞ւ է նա ստում իր ժողովրդին, ո՞վ է նրանց այդ գազը տալու». Լուկաշենկոն՝ Փաշինյանի հայտարարության մասին

Img default alt hy

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուտ է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Հայաստանով գազի նոր տարանցում կազմակերպելու վերաբերյալ։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը կարող է գազ ստանալ իր տարածքով այդ վառելիքի տարանցման հաշվին՝ «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում։

«Վերջերս Փաշինյանի հայտարարությունից լսեցի. «Ահա, մեզանով խողովակներ կանցնեն, և մեզ գազով կվճարեն։ Ե՛վ գազը, և՛ փողը շատ կլինեն»։ Լսե՛ք, թե դա երբ դեռ կլինի՝ հարց է։ Ժողովուրդը, մարդիկ դետալների մեջ չեն խորանում։ Որտե՞ղից, ի՞նչ խողովակներ են անցկացվելու։ Ահա կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ է նա ստում իր ժողովրդին։ Ի՞նչ խողովակներ, որտե՞ղից են այդ խողովակներն անցնելու, և ո՞վ է նրանց այդ գազը տալու, և ի՞նչ փողեր են լինելու»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։

Բելառուսի նախագահը նշել է, որ այժմ Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է վաճառում անմաքս՝ այնպիսի գնով, որը մի քանի անգամ ցածր է, քան այն արժե, օրինակ, Եվրամիության շուկայում։

«150-160 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց (Հայաստանի համար - խմբ.)։ ԵՄ-ում բնական գազը 550-650 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց։ Սա միայն բնական գազի մասին։ Ես ուրիշ ոչնչի մասին չեմ խոսում։ Սա ի՞նչ օգուտ է, եթե փողի մասին խոսենք»,- հավելել է նա։

Բելառուսի պետության ղեկավարի կարծիքով՝ որոշակի շրջանակների ձեռնտու է այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում։

«Եկել են, հավաքել են այնտեղ ինչ-որ մարդկանց, գիտեք, թե ովքեր էին այնտեղ եվրոպացիներից, մի ամբողջ կույտ խոստումներ են տվել։ Թեև մենք այդ խոստումները չենք լսել, եղել են միայն դատապարտումներ՝ «Բելառուսն ու Ռուսաստանը այսպիսին են, այնպիսին են»։ Իհարկե, մենք կատարյալ չենք, ի՞նչ խոսել դրա մասին։ Բայց ինքներդ ձեզ նայեք»,- ընդգծել է Լուկաշենկոն։