Լրահոս
Միջազգային
20:27
02.06.26
229

ԱՄՆ տնտեսությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների կասեցման կարիք չունի. Ռուբիո

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդում է, որ ամերիկյան տնտեսությունը Ռուսաստանի նավթային հատվածի նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողությունը կասեցնելու կարիք չունի։

Ռուբիոյի խոսքով՝ պատժամիջոցների ժամանակավոր կասեցումը ծառայում է նավթի համաշխարհային հասանելիության ապահովմանը։ «Ի վերջո, մեր տնտեսությունը դրա կարիքը չունի, բայց աշխարհի այլ տնտեսություններ օգուտ են քաղում դրանից», – հայտարարել է Ռուբիոն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։

«Մեր առջև ծառացած խնդիրներից մեկը շղթայական ռեակցիայի հնարավորությունն է։ Այս կամ այն փուլում մենք կարող ենք զբաղվել ռազմավարական պաշարներից [նավթի] ազատմամբ կամ այլ միջոցներ ձեռնարկել համաշխարհային շուկաներում իրավիճակը թեթևացնելու համար», – ասել է նա՝ հավելելով, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամն այս փուլում «հանգեցրել է էներգակիրների համաշխարհային շուկաներում ԱՄՆ-ի դերի ուժեղացմանը»։

Մայիսի 18-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև հունիսի 17-ը երկարաձգել է Ռուսաստանից նավթի և նավթամթերքի վաճառքի ու տեղափոխման գործարքները թույլատրող գլխավոր լիցենզիայի գործողությունը, որոնք լցվել են տանկերների մեջ մինչև ապրիլի 17-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը 30 օրով ամերիկյան պատժամիջոցներից հանում է Ռուսաստանից նավերի մեջ բեռնված նավթի մատակարարման գործարքները՝ «առավել խոցելի երկրներին» էներգակիրների հասանելիություն ապահովելու համար։ Նա հավելել է, որ այս քայլը նպատակաուղղված է նավթի համաշխարհային շուկայի կայունացմանը։