Լրահոս
Տարածաշրջան
14:34
17.05.26
329

ԱՄՆ-ի և Իսրայելի համար հեշտ չի լինի վերականգնել հրթիռների պաշարները․ Էսմայիլ Քոսարի

Img default alt hy

ԱՄՆ-ի և Իսրայելի համար հեշտ չի լինի համալրել Իրանի դեմ 40-օրյա պատերազմի ընթացքում սպառված հրթիռների և ռումբերի պաշարները՝ ի տարբերություն Իսլամական Հանրապետության։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) Ազգային անվտանգության կոմիտեի անդամ Էսմայիլ Քոսարին։

«Հակառակորդն արեց այն ամենը, ինչ կարող էր այս 40 օրվա ընթացքում: Նրանց համար հեշտ չէ վերականգնել կորցրած ռումբերի ու հրթիռների [պաշարները], բայց մենք հեշտությամբ կարող ենք փոխհատուցել [մերը]»,- նրա խոսքերն է մեջբերում «Fars» գործակալությունը։

Քոսարին ընդգծել է, որ Իրանի հակառակորդները «չգիտեն, թե ինչ մակարդակի հնարավորությունների» է տիրապետում Իսլամական Հանրապետությունը։ «Թշնամիները կարող են ռումբեր նետել և հրթիռներ արձակել, սակայն [իրանական] ազգը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի։ Մենք դեռ նոր ենք սկսել, և թշնամին կզղջա [իր գործողությունների] համար»,- ասել է նա։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով Հարվարդի Քենեդու անվան դպրոցի փորձագետ Լինդա Բիլմսի գնահատականին, հայտնել էր, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է ի վերջո ԱՄՆ-ի վրա նստել 1 տրիլիոն դոլար։ Մասնավորապես, ԱՄՆ-ից տարիներ կպահանջվեն զինամթերքի, այդ թվում՝ բարձր ճշգրտության զենքի պաշարները վերականգնելու համար: Այսպես, օգտագործված մեկ «Tomahawk» հրթիռի արժեքն այժմ գնահատվում է $2 միլիոն, սակայն դրա փոխարինումը կարող է արժենալ մոտ $3,5 միլիոն։ Հակամարտության մեջ կիրառվող տեխնիկայի, այդ թվում՝ ավիակիր խմբերի միջնաժամկետ և երկարաժամկետ սպասարկումը առաջիկա 4-5 տարիներին կարող է կազմել տասնյակ և նույնիսկ հարյուր միլիարդավոր դոլարներ։

Երեքշաբթի Պենտագոնը հայտարարեց, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքն արդեն մոտենում է $29 միլիարդի։ Այս գումարը ներառում է սարքավորումների վերանորոգման և փոխարինման ծախսերը, ինչպես նաև տարածաշրջանում անձնակազմի պահպանման գործառնական ծախսերը։